Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լարսի այլընտրա՞նք, թե՞ ամռան պատրանք

Լարսի այլընտրա՞նք, թե՞ ամռան պատրանք
14.07.2017 | 00:50

Հուլիսի 7-ին Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեն պայմանավորվել են 2011-ի «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը կյանքի կոչել։ Սա սենսացիա է, որ պարբերաբար հայտարարվում է: Նրանք սկսում են շվեյցարական SGS ընկերության հետ գործարքների ձևակերպումը: Շվեյցարիան վերահսկելու է ՌԴ-Վրաստան և Վրաստան-ՌԴ առևտրային միջանցքներով ապրանքների ու բեռների տեղափոխումը: Ստեղծվելու է ռուս-վրաց-շվեյցարական աշխատանքային խումբ, որը զբաղվելու է համաձայնագրի իրագործմամբ։ Չմանրամասնելով համաձայնագիրը՝ գանք Հայաստան: Մեծ աշխարհին մեզ կապում է Լարսի անցակետը, որ ամառ-ձմեռ օբյեկտիվ ու սուբյեկտվ պատճառներով փակվելու սովորություն ունի: Եթե համաձայնագիրը գործի, Աբխազիայի տարածքով բացվում է ավտոմոբիլային ճանապարհ՝ ծովի մակերևույթից մեկ-երկու մետր բարձրությամբ հարթավայրային, որտեղ ձնահյուսեր ու քարաթափումներ չկան: Եթե Լարսով Երևանից Մոսկվա մեկ բեռնատարով բեռ տեղափոխելն արժե մոտ 3000 դոլար, այդ ճանապարհով՝ 700-800 դոլարով պակաս: Սա՝ մեկ, երկրորդ քայլը կարող է լինել երկաթուղու վերագործարկումը: Ճիշտ է՝ ծագելու են քաղաքական ու ֆինանսական խնդիրներ՝ վերականգնման ու սպասարակման ծախսերի համար, բայց դա փոխելու է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների լոգիստիկան: Առևտրային միջանցքների համաձայնագիրը մի քանի անգամ է օրվա թեմա դարձել, տարբեր պատճառներով ռուսները կամ վրացիները հետ են կանգնել: Հիմնականում՝ ռուսները: Կպահի՞ համաձայնությունը Մոսկվան, թե՞ ինչ-որ պատճառներով նորից կհետաձգի: Դեպի ԵՄ ու ՆԱՏՕ Թբիլիսիի ընթացքն անդառնալի է, Մոսկվան դա գիտի ու հիմա նրան պետք է իր ներկայացվածությունն ապահովել Վրաստանում, սա քաղաքական դրդապատճառ է համաձայնագիրը կենսագործելու: Տնտեսական հիմնավորումներ դժվար չէ գտնել:


«Հայաստանը հուսով է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հնարավորինս շուտ փոխհամաձայնության կգան ճանապարհային հաղորդակցությանն առնչվող հարցերում, և այդ երկու երկրները կապող «առևտրային միջանցքներն» ի վերջո կսկսեն գործել»՝ ասել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Փետրվարին Թբիլիսի այցից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Վերին Լարսին այլընտրանք գտնելու հարցում։ «Փակագծերը դեռ չեմ բացում։ Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք ինչպես Լարսի հարցի վերաբերյալ, այնպես էլ էներգետիկ միջանցքի»,- այն ժամանակ ասել էր Կարեն Կարապետյանը։ Փակագծերն իրենք իրե՞նց են բացում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Եթե առևտրային միջանցքները գործեն, կէժանանան բեռնափոխադրումները, աբխազական երկաթուղու գործարկման դեպքում կմեծանա հայ-իրանական երկաթուղու կառուցման հավանականությունը: Ադրբեջանն Իրանին 60 միլիոն դոլար վարկ է տվել Ռեշտ կայարանի շինարարությունն ավարտելու համար: Թուրքիան նույնպես ավարտին չի հասցնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու իր հատվածի շինարարությունը, որը պետք է բացվեր հուլիսին: Հարավային Կովկասը շարունակում է կտրված մնալ Թուրքիայի, Իրանի, ԵՄ-ի, ՌԴ-ի հետ երկաթուղային հաղորդակցությունից: Կա շահերի բախում, որը փակում է ոչ միայն ճանապարհները, այլև ֆինանսների հոսքը: Անընդհատ խոսվում է Մետաքսի մեծ ճանապարհի մասին, որը պիտի անցնի հարավկովկասյան երեք հանրապետություններից մեկով: Տարածաշրջանի քաղաքական ինքնիշխանությունն ու տնտեսական զարգացումը ունի տաբու, որ ցանկացած այլընտրանք զուգահեռում է պատրանքին:

Դիտվել է՝ 5115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ